Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արցախի հանձնում և Անկախության «հնձում». դիտարկումներ (մաս 1-ին)

Արցախի հանձնում և Անկախության «հնձում». դիտարկումներ  (մաս 1-ին)
23.09.2024 | 15:04

Հատկապես վերջին օրերին, միանգամայն հասկանալի պատճառներով, բավականին շատ ասեց-խոսվեց Արցախի աննախադեպ հայաթափման և Հայաստանի Հանրապետության անկախության մասին: Մեկ տարի առաջ, սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ոճրագործ վարչախումբը սկսեց Արցախի հայության ցեղասպանության՝ հայրենազրկման ահաբեկչական գործողությունը: Իսկ սեպտեմբերի 21-ին էլ, գիտեք, Հայաստանի Հանրապետության անկախ պետականության վերականգնման օրն է. 1991 թվականի այդ օրն է տեղի ունեցել անկախության հանրաքվեն: Այստեղից էլ՝ նշված խոսակցությունները:

Սակայն այդ «խոսակցությունների» (հայտարարություններ, ուղերձներ, հարցազրույցներ, հանրային-քաղաքական դաշտում քիչ թե շատ նկատելի անձանց գրառումներ և այլն) առատ տեղումների միջակայքում, կամ հենց որպես հիմնական շեշտադրումներ, հնչում էին և դեռ կհնչեն ձևակերպումներ, որոնք այնքան էլ չեն արտացոլում իրականությունը, եթե չասենք՝ ձևախեղում են այն: Իսկ, որ ավելի վատ է, արձանագրվում էին կանխամտածված նենգախեղման դրսևորումներ, մանադանդ՝ այսպես կոչված փաշինյանական իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններում:

Այդ ամենի վերաբերյալ նախ բնազդային մղում ունեցա՝ կարճ-կոնկրետ «նախշել» որոշակի արտահայտությունների հեղինակների, ինչպես դա հարգի է սոցցանցերում, բայց հետո որոշեցի այնուամենայնիվ, ավելի հանգամանորեն դիտարկել դրանք: Կներեք, այսպես ասած՝ «ռեպրիզներով» խոսելն այնքան էլ իմ ոճը չէ, թեպետ, կարող եմ և այդպես, ու՝ ոչ վատ: ՈՒստի՝ մեկ անգամ ևս կներեք, եթե ասելիքս երկար թվա:

Եվ այսպես. սկսենք Արցախից, կամ ինչպես իշխանական քարոզչամեքենան ու իր կտակեր թութակներն են ասում՝ «Արցախի հանձնումից»:

Փաշինյանի ու նրա մանկլավիկների առանցքային թեզերից մեկն այն է, որ «Արցախը հանձնել է» (թշնամուն է տվել) ԼՂՀ-ում դրանից մի 10-15 օր առաջ «իշխանության եկած», կոնկրետ՝ ԼՂՀ նախագահի պաշտոնն ստանձնած Սամվել Շահրամանյանը, որ, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից ու դրա ակնհայտ հետևանքներից մի քանի օր անց ինչ-որ «ղազագիր» է ստորագրել Եվլախում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին:

Տողերիս հեղինակը Սամվել Շահրամանյանի փաստաբանը չէ, ու մեր մեջ ասած, առանձնապես մի ցանկություն էլ չկա նշված անձնավորությանը պաշտպանելու: Առավել ևս, որ Շահրամանյանն ինքը, քավ լիցի, ողջ-առողջ է, Երևանում է և ցանկացած պահի կարող է հստակ ու կոնկրետ իր ընկալման տեսանկյունից ներկայացնել այդ օրերին կատարվածը: Ի վերջո, միայն ֆրանսիական հայտնի լրատվամիջոցներին ինտերվյու տալով չէ, բայց դա իր գործն է, իր խնդիրը:

Այդուհանդերձ, երբ փաշինյանական քարոզչությունը, «հայկականժամանակոտ» ձեռագրով, սկսում է այլասերված եղանակներով բռնաբարել իրողություններն ու իրականությունը և նենգախեղել, պարկեշտ մարդիկ չպետք է լռելյայն անցնեն դրա կողքով:

Մոլորության մեջ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Արցախը հանձնվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կամ դրան հաջորդած օրերին, ինչ-որ մի թղթի ստորագրումով: Արցախի «հանձնումը» տեղի է ունեցել արդեն 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ բոմժակերպ խաժամուժի ու ինքնամոռաց կաղկանձող խառնամբոխի բարձրացրած աղմուկ-աղաղակի ներքո, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, քիչ չի, մի հատ էլ «պեչատեց», թե՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալվում էի»:

«Արցախի հանձնումը», արդեն որպես ակնհայտ իրողություն, կարելի է ասել՝ կապարակնքվեց 2018 թվականի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանի նման ստահակին «կարգեցին» ՀՀ վարչապետ:

Նրա, նախավարչապետական ամբողջ գործունեության «գաղափարաբանությունը» եղել է թրքաճենճահոտ ու հանրահայտ՝ «Ղարաբաղը մերը չի, ազատագրված տարածքները մերը չեն, թուրքերի հետ հնարավոր է խաղաղ-համերաշխ ապրել, առուտուր անել, եթե ճամփա են ուզում, պետք է ճամփա տալ ու փող վերցնել...»: Էն Ազգային գրադարանը, էն «ՀԺ»-ի «պադշիվկաները», գնացեք, կարդացեք, քանի չեն վառել կամ քանի չեն ջնջել, ինչպես ասվում է: Ինչ աստիճանի տխմար պետք էր լինել, կարծելու համար, թե տասնամյակներով նման նարատիվներ կռկռացած մեկը, դառնալով երկրի ղեկավար, ուրիշ բան է անելու...

Էլի բաներ կարելի էր հիշեցնել, ոմանց միտումնավոր «ամնեզիան» ցրելու համար, բայց դրանից իրողությունները, որոնց մասին խոսում ենք, չեն փոխվում:

Այո, Փաշինյանին վարչապետ կարգելը նույնն է, ինչ Արցախը հանձնելը: Ու դրան որոշակիորեն մասնակից են բոլոր այն անձինք, ովքեր 2018-ի ապրիլի 23-ին, կներեք, տռճիկ էին տալիս, քեֆ-ուրախություն էին անում, շնորհավորում էին զմիմյանս և այլն: Նրանք, իհարկե, հիմա կասեն, թե դա չէր իրենց ուզածը, բայց էլի մինչև վերջ անկեղծ չեն լինի, թեպետ դա արդեն իրենց խղճի վրա թող մնա: Սեփական արարքների հետևանքները չգիտակցելը պատասխանատվությունից պլստալու հիմք չէ: Ինչպես պատասխանատվությունից չի ազատում խախտված օրենքի մասին չիմանալը:

Բայց... Չեմ ուզում կենտրոնանալ «հասարակ մարդկանց» պահի և մղումների վրա, որ բազմաթիվ գործոններ ունեին իրենց տակ: Ի վերջո, մարդիկ կարող էին մոլորության մեջ լինել, մինչև վերջ չգիտակցել, հայտնվել ֆաշիստական քարոզչության մամլիչ ճիրաններում: Կրկնում եմ, դա իրենց խղճի վրա թող մնա: Բայց այսպես ասած՝ «քաղաքական էլիտան», «վերնախավը», հասկանում էին, չէ՞, թե ինչ է կատարվում: Այ, նրանցից լռածների, ավելին՝ նիւկոլապաշտությամբ դրսևորվածների դիրքավորումը, գոնե ինձ համար, աններելի է:

Շարունակենք:

Արցախի հանձնումը, այսինքն՝ այդ «գիծը» էլ ավելի հստակ ուրվագծվեց, երբ Փաշինյանը, էլի հրճվալից ոռնոց-կաղկանձային ինտերշումի ներքո, դատական համակարգի կամակատար-ենթարկվողների միջոցով կալանավորել տվեց ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Արցախի հանձնումը էլ ավելի խորացավ, երբ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված ու հատկապես՝ իր արևմտյան, գուցե և՝ թուրքական տիկնիկավարների թալա(դրանք)քաշումով գործնականում տապալեց Արցախի խնդրով բանակցային գործընթացը: Երբ բանակցային գործընթացը տեղափոխվեց Դուշանբեի լիֆտի մեջ, երբ հատուկ բանագնացների միջոցով, «չերեզ Արաբստան», Ալիևից առաջարկությամբ նամակ-մամակ ստացավ (Վանեցյանի բացահայտումը, հիշեք):

Արցախի հանձնումը արդեն դրված էր կայուն ռելսերի վրա, ու այդ շրջանակում վայրագ թափով շարունակվեց Արցախի ազատամարտի նկատելի մասնակիցների, առհասարակ՝ զինվորականության, բանակի, Արցախի այդ շրջանի ղեկավարների վարկաբեկման, անվանարկման «գործընթացը»: Փաշինյանն ու նրա ընտանեկան թերթը միշտ են այդ գծի վրա եղել, իսկ ստանալով իշխանույթուն և հզոր լծակներ, ֆինանսական ռեսուրսներ, այդ քայքայիչ քարոզչությունը հասցվեց պետական «գաղափարախոսության» մակարդակի: Ճիշտ այնպես, ինչպես այդ նույն իշխանությունը մինչ այժմ, հիմա՝ առավել ևս, ուղղակիորեն ատելություն է սարմանում Արցախի ու արցախցիների նկատմամբ:

Եթե մի քիչ ավելի հետ գնանք, ապա Արցախի հանձնումն սկսվեց այն պահից, երբ հայրենի հասարակական-քաղաքական դաշտ նետվեց տնաքանդ թեզ, թե՝ «Արցախը բեռ է, Արցախը խանգարում է Հայաստանի տնտեսական, ժողովրդավարական և այլն զարգացման ընթացին... բլա-բլա-բլա»:

Ինչ վերաբերում է անձամբ Փաշինյանին, այլ ոչ թե, ասենք, նրա քաղաքական հոգեպապաներին, ապա Արցախի հանձնման «նախերգանքը» եղավ Լեոնիդ Ազգալդյանի

հայտնի արտահայտության բացականչությունը Նիկոլ Փաշինյանի կողմից, 2019-ի օգոստոսին, Ստեփաենակերտի Վերածննդի հրապարակում: Մի բան է, երբ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» ասում է մարտերի միջակայքում, կարծեմ 1992-ին հարցազրույց տված մարտական հրամանատարը, և բոլորովին այլ բան է, երբ նման հայտարարություն է անում պետության ղեկավարի կարգավիճակում գտնվող, ավելին՝ Արցախի խնդրով հայկական կողմից գլխավոր բանակցողը: Նրա այդ հայտարարությունն ընդամենը հստակ ազդանշան ու ազդակ էր թուք-ադրբեջանական տանդեմին առ այն, որ աշխատեն իրենց ագրեսիվ ծրագրերը լեգիտիմացնելու ուղղությամբ:

Հետաքրքիր է, այն ժամանակ Վերածննդի հրապարակում կանգնած ու ծափահարողները ի՞նչ էին մտածում: Եվ ի՞նչ են մտածում հիմա, այսօր...

Արժե՞ հատուկ կանգ առնել 2020-ի «դեպքերի», «Տավուշի ճակատամարտի» վրա, ի վերջո, որքան է խոսվել դրա մասին:

Փաստն այն է, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը գործնականում անուշադրության են մատնել ու «գետնի վրա» ոչինչ չեն ձեռնարկել ադրբեջանաթուրքական հնարավոր հարձակման ու պատերազմի բնույթի վերաբերյալ ՀԱՊԿ զգուշացումների, զորավարժության առաջարկի հետ կապված:

Փաստ է և այն, որ թշնամական հարձակմանը հաջորդած շրջանում ՀՀ «ռազմաքաղաքական վերնախավը» (այսպես ասենք), իսկ գործնականում Նիկոլ Փաշինյանը կայացրել է նման պայմաններում անընկալելի որոշումներ, որոնք ավելի ու ավելի են բարդացրել մեր Զինուժի վիճակը: Համընդհանուր մոբիլիզացիա չի հայտարարվել, մարտունակ ստորաբաժանումների գործողությունների վերաբերյալ կան բազմաթիվ հարցեր: Ավելին, հնարավոր ազդեցիկ կամ իրավիճակին ազդելու ունակ գործիչներին, ռազմական գործիչներին այդ թվում, «բլոկ» են արել Նիկոլ Փաշինյանի հրամաններով, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կայացվող որոշումների և իրավիճակի փոփոխության վրա:

Ճիշտ է, օրինակ, Սեյրան Օհանյանի հետ կապված, երբ դա քարոզչական առումով իրենց ձեռնտու թվաց, հակառակ ուղղություն վերցրեցին: Հետո պարզ դարձավ ինչու. Շուշիի անկումը ցանկանում էին գցել նրա գրպանը, հետո գցեցին Ծառուկյանի գրպանը, հետո՝ Վանեցյանի գրպանը փորձեցին գցել: Հետո դադարեցին դրա վրա չարչարվելը, հայտարարեցին, որ Շուշին «դժբախտ, դժգույն էր»: Իսկ հիմա առհասարակ, ցինիկ-ցինիկ բղավում են, թե՝ «լավ ենք արել՝ հանձնել ենք (Արցախը, այլ ոչ միայն Շուշին):

Թվում էր, թե հարց չպիտի ծագեր ու անհեթեթ է հարցը, թե ով է հանձնել Արցախը, որովհետև պատասխանն ակնհայտ է՝ Արցախը հանձնել են Նիկոլ Փաշինյանը և նրա «թիմը», հանձնել են «փրթիկ-փրթիկ», ճլամորթ անելով, ի դեպ:

Ո՞վ է մի քանի անգամ մերժել պատերազմը «տվյալ դիրքում» դադարեցնելու ռուսական և իրանական առաջարկությունները, ինչի մասին արդեն վկայել են թե՛ Պուտինկ, թե՛ Իրանի այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Պատասխանը հանրահայտ է. մերժողը եղել է Նիկոլ Փաշինյանը: Իբր, այն բանի համար, որ հանկարծ իրեն «դավաճան» չասեն (կարելի է կարծել, թե դա նրան խիստ է հուզում): Այդ հարցում էլ է ստում, որ հանկարծ իրեն դավաճան չասեն, ինչպես միշտ:

Ո՞վ է, որ «հաղթում ենք», «զգետնում ենք»-ի տոտալ քարոզչություն էր տանում՝ միտումնավոր մոլորության մեջ գցում ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև համայն հայությանը:

Նիկոլ Փաշինյա՛նը (հարկավ, իր «ուսապարկերով»):

Ի դեպ, թշնամին, որքան էլ որ մեծ ռեսուրսների էր տիրապետում՝ Թուրքիայի ու Իսրայելի, նաև՝ ՈՒկրաինայի աջակցությամբ, միևնույն է, ընդամենը կարողացել էր զավթել Հադրութի շրջանի մի մասը, հարավից՝ ազատագրված տարածքների մի մասը ու ներթափանցել Շուշի (դեռ մեծ հարց է, թե ինչպես ու ինչի հետևանքով): Իսկ ահռելի տարածքներ, այդ թվում՝ Ակնան (Աղդամը), Քարվաճառը, Քաշաթաղը, Բերձորը հանձնվել են բացառապես Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ:

Ու դրանից հետո հարց է ծագում, թե ո՞վ է հանձնել Արցախը:

Իսկ կարո՞ղ է, Գորիս-Կապան մայրուղին էլ է Շահրամանյանը հանձնել, կամ, ասենք, Շուռնուխ գյուղի կեսը: Ո՛չ, իհարկե: Հանձնել է Փաշինյանը, հանձնել է ՔՊ-ն: ՈՒ դա բոլորը հրաշալի գիտեն:

Լավ, իսկ ո՞վ է գնացել ու Պրագայում, 2022թ. հոկտեմբերի 6-ին «բանակցել» Էրդողանի ու Ալիևի հետ, Շառլ Միշելի ու Ֆրանսուա Մակրոնի քավորությամբ: Ո՞վ է այնտեղ ընդունել, որ Արցախը... ադրբեջանական է:

Նիկոլ Փաշինյա՛նը: Հո իր կլո՞նը չի եղել: Ի՛նքն է եղել:

Գործնականում դա, արդեն իսկ ծվատված Արցախը վերջնականորեն թշնամուն հանձնելու համաձայնությունն է եղել:

ՈՒրացումը: Արցախի ուրացումը:

Դրա մասին Փաշինյանը «սիրելի հայ ժողովրդին» գուժեց 2023-ի գարնանը, մարտ-ապրիլին, մի քանի անգամ:

Իսկ նրա սիրելի Ալիևը արդեն 2022-ի դեկտեմբերից սկսեց Արցախի շրջափակումը: Ապա, մի քանի ամիս անց՝ տոտալ շրջափակումը:

Ով ինչ էլ ասի, ով ինչ մեղադրանքներ էլ չուղղի, օրինակ, ռուսական խաղաղապահներին, նախկիններին, Արցախի ղեկավարությանը, Տիգրան Մեծին կամ ասենք՝ մարսեցիներին, անողոք ու անհերքելի փաստն այն է, որ Արցախն ուրացել է Նիկոլ Փաշինյանը: Նրա սիրելի եվրոպական նկատելի գործիչներից մեկն էր անգամ հիացազարմացական (կարծեմ Ժոզեֆիկ Բորելն էր) ասել, թե՝ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական:

Ավելին, մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայկական զինուժը դուրս է բերել Արցախից, Արցախն ու արցախցիներին գործնականում թողել է մեն-մենակ:

ՈՒ, քանի որ ինքն այլ «սրբություն» չունի՝ փողից բացի, կհիշեք, այդ շրջանում անընդհատ երեսով էր տալիս, թե՝ «էսքան ու էսքան միլիարդ հատկացում ենք արել...», կարծես իր նախնիների գանձերից էր կտրել-տվել, այլ ոչ թե՝ մեր, բոլորիս հարկատված գումարներից:

Փաստենք. 2023 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ Արցախը գրեթե 9 ամիս տոտալ շրջափակման մեջ էր, Արցախի Պաշտպանության բանակը՝ խիստ ծանր վիճակում, իսկ մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի ուրացումից հետո, ոճրագործ Թուրքիան ու պատերազմական հանցագործ Ալիևը իրենց ձեռքերն այլևս ազատված էին համարում: Արցախի 6-8 հազարանոց բանակը հայտնվել էր ադրբեջանաթուրքական մոտ 60 հազարանոց զորախմբի օղակում: Ավելին, Փաշինյանը գործնականում հավաստիացրեց թշնամուն, որ եթե նա հարձակվի, ապա ինքը ՀՀ Զինված ուժերին ոչ մի կերպ թույլ չի տա միջամտել: Պարզ ասած, բաց տեքստով հայտարարվեց, որ Ալիևը կարող է կոտորել արցախցիներին՝ առանց անհանգստանալու, որ Հայաստանի Հանրապետության կողմից կլինի որևէ ռեալ հակադարձում:

Ի՞նչ է, մոռացե՞լ եք: Չհիշեցի՞ք: Թե՞ ձենտու չի, չեք ուզում «հիշել»:

Թե բա՝ «թույլ չենք տա, որ մեզ ներքաշեն պատերազմի մեջ»: Լո՞ւրջ: ՈՒ դա ասում է մեկը, որ 6,5 տարի արդեն «կառավարում», իրականում՝ կառ-Ավերո՛ւմ է Հայաստանն ու Արցախը, ու այդ 6,5-ից վերջին 4 տարին երկիրն ու ժողովրդին անընդհատ ընկղմում է պատերազմական աղետի, անվտանգության ու կյանքի սպառնալիքների, շարունակական կորուստների ու արյան մեջ:

Այսինքն, կան մարդիկ, որոնք լրջորեն կարծում են, թե 2023-ի սեպտեմբերի 1-ին հրաժարական տված Արայիկ Հարությունյանին, այսպես ասենք՝ փոխարինած Շահրամանյա՞նն է «Արցախը հանձնել», կամ ավելի ճիշտ՝ Արցախի մնացորդները:

Ու Փաշիյնանը, նրա ադեպտները այդքանից հետո մի բան էլ սովորական մարդկանց՝ արցախցի հայերին են մեղադրանքներ ուղղում, թե՝ «բա ինչո՞ւ թողեցիք-եկաք»: Այսինքն, իրենք արեցին ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ մնան մենակ, անպաշտպան վիճակում, ֆիզիկական բնաջնջման անմիջական սպառնալիքի տակ, իսկ հիմա նրանց մեղադրում են... Արցախից հեռանալու մեջ:

Այստեղ խոսքերն ավելորդ են: Համենայն դեպս, այն խոսքերը, որ «գալիս» են, այստեղ գրելու չեն:

--

Արցախը հանձնել է Փաշինյանը: Բա գիտեք, թե ինչի՞ համար են նրան ձեր ուսերի ու կյանքերի վրայով բերել իշխանության:

Հազարամյակներ շարունակ անընդհատորեն հայկական ու հայաշունչ Արցախի հայաթափումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ոների վարած թշնամաշահ «քաղաքականության» հետևանքով: Երբևէ կլինի երևի «հայկական Նյուրնբերգ» ու միգուցե շատ ու շատ մանրամասնություններ էլ կպարզվեն, բայց հիմնականը հայտնի ու ակնհայտ է հիմա, եթե չասենք՝ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած (շատերի համար, իսկ հատուկենտներին պարզ էր արդեն 2018-ի ապրիլի 23-ին, մայիսի 8-ին):

Արցախը թշնամուն հանձնելու, Արցախն ուրանալու, Արցախի հայաթափման մեղքն ու խարանը Նիկոլ Փաշինյանի, նրա «թիմակիցների» ու նրանց սերունդների վրա են, որպես անջնջելի ամոթ՝ մինչև ժամանակների ավարտը:

...Եվ քանի որ չի եղել պատասխանատվություն, հիմա արդեն հանձնում է Հայաստանի Հանրապետությունը, դա «փաթեթավորելով» ինքնիշխանության, խաղաղության մասին դատարկաբանություններով ու պսևդոփիլիսոփայական ճամարտակություններով, որովայնապաշտության բացահայտ ու ցինիկ քարոզով, ափռ-ցփռ դուրստվոցիներով, շիզոֆրենիկ կամ պարանոիդալ զառանցանք «պատկերող» կրկնություններով:

(շարունակելի)

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ